23.04.2023|
22:37
1960–1990-ական թուականներին, ինչպէս նաեւ 2000-ական թուականների առաջին տասնամեակին Վ. Տատրեանի ծաւալած գիտական-հասարակական գործունէութեանն ու հրատարակութիւններին արձագանգել է սփիւռքեան եւ օտարալեզու մամուլը՝ համակողմանիօրէն բացայայտելով նրա անհատի եւ գիտնականի կերպարը: Անուանի ցեղասպանագէտը մասնակցել է բազմաթիւ միջազգային գիտաժողովների եւ դասախօսութիւններ կարդացել Սփիւռքի տարբեր համայնքներում։ 1960-ական թուականներին երեք անգամ եղել է Խորհրդային Միութիւնում, երկու անգամ՝ Խորհրդային Հայաստանում՝(36) կատարելով գիտական ուսումնասիրութիւններ, որոնց հիման վրայ 1963–1970 թթ. ընթացքում գիտական հանդէսներում ու մամուլում հրապարակել է Խորհրդային Միութեան ազգային խնդիրների վերաբերեալ մի շարք արժէքա-ւոր յօդուածներ։ Վերլուծել է կոմունիստական գաղափարաբանութիւնն ու սոցիալիզմի բովանդակութիւնը, Մոսկուայում տեղի ունեցող Ապրիլի 24-ի միջոցառումները, Խորհրդային Հայաստանի հայերի հասարակական եւ մշակութային զարգացումների հիմնական օրինաչափութիւնները, ազգային շարժումների աղբիւրներն ու նշանները, ազգերի նկատմամբ խորհրդային սկզբնական դիրքորոշման՝ Լենինի եւ Ստալինի դերերի վերագնահատմամբ։ Անդրադարձել է Ղարաբաղի հարցին, Խորհրդային Անդրկովկասում ազգամիջեան հակամարտութիւններին, խորհրդային տարիներին Հայաստանում եւ Վրաստանում ազգային նարատիւների զարգացումներին, արդիւնաբերականացման եւ էթնոցենտրիզմի նորագոյն միտումներին, Հայաստանում համայնավարութեան ու ազգային շարժումների դրսեւորումներին(37)։